Հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ–ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել։ Նման եզրակացության են հանգել Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները։

Միտոքոնդրիումները մորից երեխաներին են փոխանցվում։ Այսպիսով, միտոքոնդրիումային գենոմների հետազոտությունը գիտնականներին ժամանակի ընթացքում կանանց առանձնահատուկ պատմությանը հետեւելու հնարավորություն է տալիս։

«Մենք Հարավային  Կովկասի որոշ հատվածներում ուսումնասիրել ենք միտոքոնդրիումային հնագույն եւ ժամանակակից գենոմները եւ 8 հազար տարուց ոչ պակաս գենետիկ անընդհատություն հայտնաբերել»,– ասել են Երկրագենետիկայի կենտրոնից Աշոտ Մարգարյանը եւ Մորթեն Է.Ալենթոֆթը։ «Այսինքն՝ մենք չենք կարողացել այս շատ երկար ժամանակահատվածում կնոջ գենոֆոնդում որեւէ փոփոխություն հայտնաբերել։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ նույն ժամանակահատվածում  այս տարածաշրջանը մշակութային շատ տեղաշարժեր է ունեցել, սակայն այդ փոփոխությունները, ըստ երեւույթին, գենետիկ ազդեցություն չեն ունեցել, համենայնդեպս իգական բնակչության վրա»,– ասել են նրանք։

Հետազոտողներին աշխարհի այս հատվածի հետազոտությունը հետաքրքրել է հնագույն ժամանակներից մշակութային խաչմերուկում գտնվելու դիրքի պատճառով, որը նաեւ հայտնի է որպես հնդեվրոպական լեզուների պոտենցիալ ծագման եւ տարածման կարեւոր մարզ։

Տարածաշրջանում մոր գենետիկ պատմության վրա լույս սփռելու համար հետազոտողները վերլուծել են ժամանակակից Հայաստանի եւ Արցախի 52 հնագույն կմախքների լիակատար միտոքոնդրիումային գենոմները, որոնք ընդգրկում են 7800–ամյա պատմական ժամանակահատված։ Դրանից զատ, մասնագետները ուսումնասիրել են ժամանակակից հայերի 206 միտոքոնդրիումային գենոմները, ինչպես նաեւ հարեւան պոպուլյացիաների 482 ներկայացուցիչների ԴՆԹ–երը։

Ստացած տվյալները ցույց են տալիս, որ իգական բնակչությունը, համենայնդեպս՝ Հարավային Կովկասի որոշ հատվածներում, անչափ կայուն է եղել, չնայած մշակութային փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել հազարավոր տարիների ընթացքում։ Նրանք նաեւ ենթադրում են, որ վերջին 2000–3000 տարիներին այս տարածաշրջանում արտագաղթը տեղական իգական բնակչության վրա փոքր ազդեցություն է ունեցել։