Վանաձորում ասֆալտապատում է իրականացվում անձրեւի ժամանակ, այս անգամ նման դեպք է արձանագրվել քաղաքի Մոսկովյան փողոցում:

Վանաձորի խրամատներ հիշեցնող ճանապարհների մասին բազմիցս է գրվել. Բնակիչները բողոքում են, որ Վանաձորում չկա մի փողոց, որով հնարավոր լինի երթեւեկել, իսկ ամիսներ առաջ մեկնարկած փոսային նորոգումները Վանաձորում առաջ են շարժվում մաքսիմալ դանդաղությամբ:

Նշենք, որ համայնքի բյուջեով փոսային նորոգման համար հատկացվել է 100 մլն դրամ, շուրջ 300 մլն էլ հատկացվել է մարզերին տրվող հրատապ միջոցներով: 100 մլն դրամ էլ՝ այլ տեղից:

Վանաձորցիները NEWS.am-ի թղթակցին են տրամադրել լուսանկարներ հունիսի 29-ի երեկոյան Վանաձորում անձրեւի տակ արվող ասֆալտապատումից: Կադրեր արված են Վանաձորի Մոսկովյան փողոցում՝ ավտոկայանի տարածքում:

Վանաձորի քաղաքապեպետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչու են անձրեւի ժամանակ ասֆալտապատում իրականացնում, նշեց. «Նման բան չկա, Մոսկովյանի խնդրի մասին տեղյակ եմ, պարզապես երբ անձրեւը սկսել է, ասֆալտապատում իրականացնողները ասֆալտը պարզապես լցրել են փոսը: այսօր արդեն նորմալ ասֆալտապատում են արել»,-ասաց նա, հերքելով, թե Վանաձորում վերջին մի քանի ամսում անձրեւի ժամանակ փոսային նորոգում է իրականացվել:

Իսկ երբ բաժնի պետին հիշեցրեցինք, որ իր նշած 2 ամսում սա առաջին դեպքը չէ, եւ անձրեւի ժամանակ ասֆալտապատում է արվել նաեւ Տիգրան Մեծ պողոտայում, նա նշեց. «Մի փոքր հատված արել են անձրեւին, քանդել ենք տվել, նորից նորմալ սարքել են»: Նա հորդորեց նման դեպքերի ականատես լինելիս անմիջապես զանգահարել քաղաքապետարան: