Հայաստանում բնակարանային կողոպուտները հուսալի բիզնես են դարձել։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարեց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում ելույթի ժամանակ։
Նա նշեց, որ 2016 թվականին բնակարանային կողոպուտի շուրջ 1250 դեպք է գրանցվել, որից 67 տոկոսը բացահայտված չէ։ «Ստացվում է շահութաբեր բիզնես՝ բռնվելու ցածր հավանականությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։
Ի պատասխան՝ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը նկատեց, որ 2017 թվականի առաջին վեց ամսում բացահայտվել է բնակարանային գողության 210 դեպք, իսկ 2016 թվականին բացահայտվել են նախորդ տարիներից 840 հանցագործություններ, որոնցից 300-ը՝ բնակարանային գողություն։ «Բայց, իհարկե, դա մեզ մտահոգում է։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- վստահեցրեց Համբարյանը։





























