Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել երկու աներձագին դանակահարելու մեղադրանքով 1 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գրիշա Հակոբյանի դատավճիռը: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը եւ Գրիշայի արարքը որակել որպես երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ավելի խիստ պատիժ նշանակել:
Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի բողոքը հիմնավոր չի համարել եւ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
Գրիշային մեղադրանք է առաջադրվել երկու տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ մեղադրանքի՝ Գրիշան 2015 թ. հունվարին ամուսնացել է Արարատի մարզի բնակչուհու հետ, սակայն, նրա հարազատները դեմ են եղել նրանց ամուսնությանը. Գրիշայի ու նրա կնոջ հարազատների միջեւ հարաբերությունները տեւական ժամանակ լարված են եղել:
2016 թ հունվարի 25-ին Գրիշան կնոջ հետ վերջինի եղբայր Մելքոնի կողմից հրավիրված է եղել նրա հայրական տանը կազմակերպված խնջույքին, որին մասնակցել են բարեկամներ, ընկերներ: Ներկա են եղել նաեւ Գրիշայի կնոջ մյուս երկու եղբայրները՝ Պարույրն ու Ֆրունզը:
Խնջույքի ընթացքում, ըստ մեղադրանքի, Գրիշան առաջարկել է «հոտնկայս խմել հայ զինվորների կենացը», որի ժամանակ նրա աներձագ Պարույրը, որ նստած է եղել սեղանի հակառակ ծայրում, չի կարողացել բաժակը չխկացնել Գրիշայի բաժակին եւ նա վրդովվել է:
Առաջացած հարցերի շուրջ Գրիշան միջանցքում վիճել է Պարույրի հետ՝ նրան մեղադրելով իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Խոսակցությանը միջամտել է Պարույրի եղբայր Ֆրունզը: Նա Գրիշային հորդորել է վերջ տալ անախորժ խոսակցությանը: Բայց Գրիշան առաջարկել է գնալ Արտաշատ՝ խոսելու: Գրիշան ու Ֆրունզը դուրս են եկել բակ: Նրանց հետեւից բակ են դուրս եկել Պարույրն ու Մելքոնը:
Այդ ժամանակ Ֆրունզը բռունցքով հարվածել է Գրիշային, ու Ֆրունզի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Գրիշան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Ֆրունզի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, ստամոքսի վնասումների, ներքին արյունահոսության ձեւով: Երբ Պարույրը տեսել է, որ Գրիշան դանակահարել է Ֆրունզին, մոտեցել է եղբորն օգնելու, Գրիշան նույն դանակով հարվածել է Պարույրի կրծքավանդակին՝ նրա առողջությանը եւս պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, ձախակողմյան հեմոթորաքսի ձեւով:




























