Հյուսիսային Կորեային աշխարհի հետ երկխոսության վերջին հնարավորությունն է տրվում։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ։ Վերջինը Սեուլ է ժամանել Chosun Ilbo պարբերականի կազմակերպած ֆորումին մասնակցելու համար, փոխանցում է Reuters-ը։
Մուն Ջեինն Օբամային տեղեկացրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ Թրամփի հետ քննարկել են պատժամիջոցների հնարավորությունն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային խնդիրները լուծելու համար ճնշումը։ Նշվել է նաեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Սեուլը կարծում է, որ Փհենյանը կարող է օգտագործել աշխարհի հետ երկխոսության վերջին հնարավորությունը։
Ֆորումում ելույթի ժամանակ Օբաման նշել է, որ միջազգային հանրությունը Հյուսիսային Կորեային ազդանշան պետք է ուղարկի՝ զգուշացնելով, որ զենքը չի կարող անվտանգություն ու բարգավաճում ապահովել։ «Միջազգային կարգը կախված է հստակ օրենքներն ու նորմերը պահպանելուց։ Քանի դեռ Հյուսիսային Կորեան նախընտրում է այդ կարգից դուրս մնալ, պետք է բախվի դրա հետեւանքներին»,- նշել է Օբաման։





























