Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) սկանդալի շուրջ հաղորդագրությունները եվրոպական լրատվամիջոցներում են հայտնվել 2017 թվականի ապրիլի վերջին, երբ հայտնի դարձավ ԵԽԽՎ-ում խորհրդարանականներին կաշառելու փորձերը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծելու մասին։ Նոր մանրամասներ է հրապարակել գերմանական Deutschlandfunk ռադիոկայանը, հաղորդում է DW-ն։
ԵԽԽՎ-ում ներկայացված են նաեւ հեղինակավոր պետություններ
Deutschlandfunk ռադիոկայանը հիշեցնում է, որ ավելի քան 300 ներկայացուցիչներից եւ 47 պետությունից կազմված ԵվրաԽորհուրդը ոչ մի կերպ ներառված չէ Եվրամիության կառույցներում։ Եվրոպայում միջխորհրդարանական համագործակցության այս ամենահին մարմինը ստեղծվել է 1949 թվականին եւ ներառում է ինչպես մի շարք ժողովրդավարական պետություններ, այնպես էլ մայրցամաքի հեղինակավոր ռեժիմները։ «Նպատակն էր, որպեսզի ժողովրդավարական երկրներն այդ ռեժիմների վրա բարոյական ճնշում գործադրեն՝ ստիպելով հարգել մարդու իրավունքները»,- ասել է ԵԽԽՎ-ի անդամ, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն։
Սակայն իրականությունն այլ է։ Շվաբեն, որն արդեն շուրջ 5 տարի է՝ ԵԽԽՎ-ում է, կարծում է, թե այնպիսի տպավորություն է, որ «խոսքը ոչ թե մարդու իրավունքների, այլ դրանք խախտող ռեժիմների պաշտպանության մասին է»։
Խավիար եւ գորգեր
Նրա հետ համաձայն է նաեւ Հերալդ Կնաուսը, որը ESI եվրոպական գիտահետազոտական կենտրոնի խորհրդական է։ Ամեն տարի ԵԽԽՎ-ի 50-60 պատգամավորի առաջարկում են գործուղման մեկնել Ադրբեջան։ «Այնտեղ նրանց սպասում են նվերներ, այնտեղ նրանք կապեր են հաստատում, վճարվում են ուղեւորությունները, թանկարժեք հյուրանոցներն ու բիզնես դասով թռիչքները։ Նվեր են մատուցվում թանկարժեք գորգեր»,- ասել է Կնաուսը։
Նրա խոսքերն անուղղակիորեն հաստատել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, որը եվրոպական մամուլին պատմել է ադրբեջանական հյուպատոսարաններում առկա «փոքրիկ սրահների մասին, որոնք նախատեսված են նվերների՝ խավիարի ու տարբեր չափսի գորգերի համար»։ Թե ինչի համար են դրանք նախատեսված, օգնել է հասկանալ ԵԽԽՎ-ում շվեյցարացի պատգամավոր Դորիս Ֆիալան։ Նա լրատվամիջոցներին պատմել է Բաքու իր ուղեւորության եւ ոսկյա շղթա նվեր ստանալու մասին։ Ֆիալան վերադարձրել է շղթան, ինչից հետո Եվրախորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչներն աշխատում են խուսափել նրանից։ Սակայն բոլորը չէ, որ վերադարձնում են նվերները, հիշում է Մամադովը։ Հակառակը, պատմում են, թե նվերը «որքան է դուր եկել կնոջը»։ Նման խորհրդարանականները հետագայում էլ են նվերներ ստանում։
Նվերների եւ կոռուպցիայի միջեւ
Սկզբունքորեն, Եվրախորհրդում պատգամավորների՝ նվերներ ստանալու հստակ կանոնակարգ գոյություն ունի։ Սակայն դրանց առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 200 եվրոն։ Ըստ երեւույթին, բոլորը չէ, որ հետեւում են օրենքներին։ Այսպես, Միլանի դատախազությունն արդեն մի քանի ամիս է՝ հետաքննություն է վարում, որի կենտրոնում իտալացի քաղաքական գործիչ եւ Եվրախորհրդի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն է։ Նրան կասկածում են Ադրբեջանից 2.4 մլն եվրո ստանալու մեջ։
Deutschlandfunk-ի տեղեկությամբ՝ դեռ ոչ վաղ անցյալում Ստրասբուրգում աշխատում էին չխոսել «խավիարային դիվանագիության» մասին։ Ռադիոկայանին տված հարցազրույցում Հերալդ Կնաուսը հիշեցրել է, որ «Վոլոնտեի դեմ հետաքննությունն ընթանում է միայն Միլանի դատախազության ջանքերի շնորհիվ»։ Ինչ վերաբերում է 2017 թվականի ապրիլին սկսված անկախ հետաքննությանը, ապա այն ողջունում են ԵԽԽՎ-ի ոչ բոլոր գործող պատգամավորներն ու անդամները։
Ադրբեջանն ազդե՞լ է քվեարկության արդյունքների վրա
Ընդհանուր առմամբ, տրամադրությունները փոխվել են։ Ըստ Կնաուսի՝ «երբ 2012 թվականի մայիսին հայտնաբերեցինք «խավիարային դիվանագիտության»՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի եւ դրա գաղափարներին դավաճանելու վերաբերյալ առաջին նյութերը, մի տարօրինակ երեւույթի ուշադրություն դարձրեցինք։ Ավելի կոնկրետ այն բանին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացմանը զուգընթաց՝ ԵԽԽՎ-ում երկրի վերաբերյալ գնահատականներն ավելի լավն էին դառնում։ Եվ այդպես մի քանի տարի շարունակ։ Չնայած Ստրասբուրգում շատերի համար պետք է պարզ լիներ, որ այստեղ մի բան այն չէ եւ որ Եվրոպայի խորհուրդը հոգին վաճառել է ավտորիտար ռեժիմին»,- ասել է փորձագետը։
Կնաուսը նշում է նաեւ, որ ոչ բոլոր եվրոպական կառույցներն են տրվել «խավիարային դիվանագիտության» գայթակղությանը։ Այսպես, վկայություններ չկան, որ ավտորիտար ռեժիմին հաջողվել է թանկարժեք նվերների միջոցով կաշառել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որի իրավասությունը տարածվում է Եվրախորհրդի բոլոր անդամ երկրների վրա։ Սակայն հայտնի է առնվազն մեկ դեպքի մասին, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են դատավորին թանկարժեք նվեր մատուցել, իսկ վերջինը մերժել է։





























