Այժմ դպրոցական դասագրքերին հայացք նետելիս տպավորություն է ստեղծվում, որ այն գրել են հոգեպես ոչ այնքան նորմալ մարդիկ։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում իր ելույթում։
«Այժմ դասագրքերն ակամա նման մտքի են հանգեցնում։ Որտե՞ղ են հին՝ խորհրդային դասագրքերը։ Նորմալ դասագրքեր էին, որոնցով բոլորս սովորում էինք», - ասաց Բոստանջյանը։
Դրան ի պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ խորհրդային դասագրքեր այլեւս չկան նույնիսկ Ռուսաստանում։
«Ամեն ինչ փոխվում է, դասագրքերի նկատմամբ նոր պահանջներ են ի հայտ եկել»,-հավելեց նա՝ շրջանցելով դասագրքերի բովանդակության վերաբերյալ հասարակության բազմամյա դժգոհության հարցը:





























