Բոլոնիայի գործընթացին զուգահեռ պետք է պահպանել եւ զարգացնել ազգային կրթական համակարգը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարեւորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության համակարգին: Շեշտելով, որ դեռեւս խորհրդային տարիներին ծանոթ է եղել Հայաստանի բուհական համակարգին եւ գիտական ներուժին՝ Դ. Շիպանսկին հետաքրքրվել, թե ինչ փոփոխություններ են կատարվել կրթության եւ գիտության բնագավառում անկախության շրջանում: ԿԳ նախարարը հակիրճ ներկայացնելով համակարգում կատարված փոփոխությունները եւ ձեռքբերումները՝ նշել է, որ Հայաստանին հիմնականում հաջողվել է պահպանելով ավանդական ինժեներական եւ բնագիտական դպրոցը՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ ինտերգրվել եվրոպական կրթական համակարգին. «Բոլոնիայի գործընթացը մենք դիտարկել ենք հարթակ, որը հնարավորություն էր տալիս ճանաչելի եւ համադրելի դարձնել Հայաստանի կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքում: Զուգահեռաբար մեր հիմնական խնդիրն է եղել պահպանել եւ զարգացնել ազգային կրթական համակարգը»,- նշել է ԿԳ նախարարը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում Լ. Մկրտչյանը կարեւորել է միջազգային բուհերի գործունեությունը ՀՀ-ում: Անդրադառնալով գերմանական կողմի հետ համագործակցությանը՝ ԿԳ նախարար առանձնացրել է Գերմանական ակադեմիական փոխճանաչման կենտրոնի DAAD կրթաթոշակային ծրագրերը, Գյոթեի ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցությունը: Լ. Մկրտչյանը նաեւ նշել է, որ հայկական կողմը գերմանական դուալ կրթության փորձը մտադիր է ներդնել միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական կրթության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցության առնչվող մի շարք հարցեր:





























