Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ:

Դատավորը հայտարարեց, որ իր ներս մտնելիս ամբաստանյալը հրաժարվել է կանգնել: Հարցին՝ արդյոք առողջական խնդիրներով է պայմանավորված, որ չի կանգնել, Սասունիկ Կիրակոսյանը բացասական պատասխան տվեց:

«Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսեւորել դատարանի նկատմամբ եւ որոշում եմ կայացնում ձեր նկատմամբ սանկցիա կիրառել նախազգուշացման ձեւով»,- ասաց Տաթեւիկ Գրիգորյանը:

Նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Նիստին ներկա են միայն ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը:

Ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո դատավորը շարունակեց ներգրավվել պաշտպաններին: Այդ ընթացքում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ինքը չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իր պաշտպանյալն իրեն նման լիազորություն չի տվել:

«Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում: Դուք իրավասու չեք հեռանալու նիստերի դահլիճից առանց դատարանի թույլտվության: Եթե դուք հեռանաք, դատարանը կարձանագրի, որ 3 անգամ անընդմեջ նիստին չեք մասնակցել, դրա իրավական հետեւանքները դուք հասկանում եք»,- ասաց դատավորը:

Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ինքը լքում է նիստերի դահլիճը: Ներկաները դա ընդունեցին ծափահարություններով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: