Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացման ամենավաղ փուլում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ (Լեհաստան) Անդրեյ Պարաֆինյուկը։
Առաջին, նրա խոսքով՝ երկրներն ու տարածաշրջանները կառավարող համակարգը այնքան էլ կենտրոնացված չէ հասարակական կազմակերպությունների վրա։ Լեհ փորձագետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է բարելավվեն ներքին տեսանկյունից, նրանք պետք է մեծ ներքին պոտենցիալ ունենան։
«Մյուս կողմից, նրանք պետք է աշխատեն իրենց թիրախ հանդիսացող խմբերի հետ։ Հետեւաբար, արտաքին հնարավորությունները դրա մյուս կարեւոր մասն են։ Եթե նրանք ցանկանում են կառավարության առջեւ նպաստավոր դիրք զբաղեցնել, ապա պետք է ավելի ուժեղ լինեն»,- նշեց Պարաֆինյուկը։
Ըստ նրա՝ 25 տարի առաջ միեւնույն իրադրությունը Լեհաստանում էր։ «Կառավարության եւ փոքր հասարակական կազմակերպությունների միջեւ հարաբերությունները նույնն էին, ինչ այժմ Հայաստանում։ Այժմ մենք հազարավոր ակտիվ հասարակական կազմակերպություններ ունենք։ Մենք օրենք ունենք, որը հստակ որոշում է կառավարության եւ ՀԿ-ների միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ նկարագրում հասարակական կազմակերպություների՝ գումար ստանալու հնարավորությունները՝ իմ հարկերի 1 տոկոսը։ Դա իմ որոշումն է՝ ես կարող եմ վճարել իմ նախընտրած կազմակերպություններին։ Նշանակում է՝ նրանք արդեն գիտակցում են՝ դա շատ կարեւոր է. կարեւոր է ոչ թե ձայները գնելը, եթե ընտրությունների ժամանակ դա անում են, այլ հասարակական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ պահպանելը»,-ամփոփեց Անդրեյ Պարաֆինյուկը։





























