Ֆիլիպինների Գերագույն դատարանը Սահմանադրությանը համապատասխան է համարել Մինդանաո կղզում արտակարգ դրություն սահմանելու մասին նախագահի հրամանը, որտեղ գրոհայիններն արդեն 7-րդ շաբաթն է՝ պաշարել են Մարավի քաղաքը։

Դատարանի 15 անդամներից 11-ը աջակցել են նախագահի հրամանին։ Երեքը նշել են, որ աջակցում են հրամանին, սակայն անհրաժեշտ են համարում կրճատել տարածքը, որտեղ ռազմական դրություն է հայտարարվել, մեկը դեմ է արտահայտվել, փոխանցում է Reuters-ը։

Ընդդիմությունն, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական ակտիվիստներ եւ Մարավիի չորս բնակիչ, Գերագույն դատարան են դիմել՝ պահանջելով վերանայել Մինդանաո կղզում ռազմական դրություն սահմանելու իրավասությունը։ Ըստ նրանց՝ դրա համար բավարար հիմքեր չկան։

Ավելի վաղ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ռազմական դրություն սահմանելու վերաբերյալ իր հրամանը քննադատողները ճաղերի հետեւում կհայտնվեն։