Նյու Յորքից հայ նկարիչ Մհեր Խաչատրյանը նկարների շարք է նվիրել ծխի թեմային։
Նկարչի խոսքով իրեն հմայում է ծխի ու կրակի նրբագեղությունը, որում կարելի է տեսնել թե կյանքը, թե մահը։ Խաչատրյանի նկարները, որոնք յուղաներկով են նկարված, ցույց են տալիս ծխի գեղեցկությունը, չնայած այն սովորաբար ողբերգության հետ է ասոցացվում, գրում է բրիտանական metro.co.uk.կայքը։
Չնայած նկարիչը հրապուրված է ծխի գեղեցկությամբ, բայց երբեք ծխել չի փորձել։ «Երբ փոքր էի, իմ սիրելի գովազդային հոլովակներից մեկը Marlboro ծխախոտի գովազդն էր՝ ուժեղ կովբոյները ձիերով սլանում են գեղեցիկ տեղանքով, ու դու ուզում ես նրանից մեկը դառնալ։ Սակայն այդ գեղեցիկ գովազդի իրական պատմությունն այդքան էլ գեղեցիկ չէ։ Վեյն Մակլարենը, որը մարմնավորել էր Մալբորոյի կովբոյներից մեկին, մահացել էր թոքերի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո»,- ասում է Խաչատրյանը։
Նկարչին նույնիսկ խնդրել են ցուցադրել իր աշխատանքները ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա ժամանակ։
Մհերը հետաքրքրվել է նկարչությամբ դեռ հինգ տարեկանից։ Սկզբում ինքնուսույց է եղել, հետո Հակոբ Կոջոյանի դպրոց է ընդունվել, այնուհետև Թերլեմեզյանի արվեստների վարժարան։ Իսկ հետո ԱՄՆ է մեկնել։
Նկարչի խոսքով ինքը սկսել է իր նկարներում ծուխ պատկերել, քանի որ «դա մեզ հիշեցնում է մեր սեփական կյանքի մասին, այն մասին, թե ինչ հեշտ այն կարող է սկսվել ու ավարտվել, ու որ մենք այն չենք վերահսկում»։






























