Տարեկան կտրվածքով դիտարկելու դեպքում հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցված իրավախախտումների դինամիկան մի քիչ հուսադրող է։ Իհարկե հինգ ամիսն այն ժամանակահատվածը չէ, որով կարելի է եզրակացություն անել ընդհանուր տարվա մասին։ Բայց հույս կա, որ այդ առաջխաղացումը կշարունակվի։

Առաջխաղացումն ինքը, եթե դիտարկենք հարաբերական ցուցանիշներով, այդքան էլ զգալի չէ։ Եվ այսպես հունվար- մայիս ամիսներին գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակը տարեկան կրճատվել է 162 միավորով կամ 2 տոկոսով։ Ընդ որում դրական տեղաշաժ է եղել իրավախախտումների կառուցվածքում՝ կրճատվել է ծանր  (4․7 տոկոսային կետով) ու առանձնահատուկ ծանր (0․1 տոկոսային կետով) հանցագործությունների մասնաբաժինը։ Նվազ ծանր իրավախախտումների մասնաբաժինը աճել է 4․3 տոկոսային կետով ու հասել գրեթե 52 տոկոսի։

Իրավախախտումների կառուցվածքում նախկինի պես գերակշռում են սեփականության դեմ հանցագործությունները։ Դրանց մասնաբաժինը մեկ տարում  թեթևակիորեն նվազել է ՝ 0․5 տոկոսային կետով ու կազմել 41 տոկոս հաշվետու ժամանակահատվածում։ Այդ խմբում բավականին շատ են քաղաքացիների սեփականության կողոպուտների դեպքերը։

Եվ այսպես հունվար-մայիս ամիսներին գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակում անձնական սեփականության առևանգման մասնաբաժինը կազմել է գրեթե 38 տոկոս։ Նկատենք, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում է միայն գրանցված հանցագործությունների քանակը։ Այսինքն մանր գողությունները, որոնց հարցով քաղաքացիները նախընտրում են չդիմել իրավապահներին, մնում են հաշվարկից դուրս։ Այնպես որ իրականում նմանատիպ հանցագործությունների քանակն ավելի մեծ է պաշտոնական ցուցանիշից։

Իրավախախտումների պատկերը տրամագծորեն փոխվում է, եթե դիտարկենք  ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակի դինամիկան։  2007-ի հունվար- մայիսի համեմատ՝ գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակը աճել է 2․2 անգամ։ Ընդ որում նվազ ծանր հանցագործությունների դեպքերն  ավելացել են 4․1 անգա, իսկ միջին ծանրության հանցագործություններինը՝ գրեթե 2․5 անգամ։ Ուրախալի է միայն այն, որ 27 տոկոսով կրճատվել է ծանր հանցագործությունների քանակը։

2․3 անգամ ավելացել է անձնական սեփականության դեմ հանցագործությունների քանակը։ Նույնքան էլ աճել է  քաղաքացիների սեփականության գրանցված կողոպուտների քանակը։ Ուշագրավ է,  որ մեկ տասնամյակում բնակարանային թալանի քանակը  չի փոխվել։ 10 տարի առաջ գրանցված է եղել 336 նման դեպք, իսկ հաշվետու ժամանակահատվածում մեկ միավորով քիչ՝ 335 դեպք։