Լեհական «Կոնտրակտուս» ընկերությունն ու հայկական «Ագրոինտեքս» ֆիրման քննարկել են գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության հնարավորությունը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Լեհաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, «Կոնտրակտուս» մասնավոր ընկերության ղեկավար Վիտոլդ Կարչեւսկին։
Ձեռներեցը պատմել է, որ ընկերությունը աշխատում է գյուղատնտեսական ոլորտում։ «Զբաղվում ենք կաթով ու այն ամենով, ինչ կապակցված է կաթի հետ, նաեւ մսով ու մսի հետ կապակցված ամեն ինչով։ Ընկերությունը զբաղվում է նաեւ նոր տեխնոլոգիաների արտադրությամբ, հատկապես մսամթերքի ու կաթնամթերքի արտադրության համար։ Արտադրում ենք չորանոցներ, էլեվատորներ՝ հատիկ պահելու համար»։ Վիտոլդ Կարչեւսկին հանդիպում է ունեցել հայկական «Ագրոինտեքս» ընկերության հետ։ «Բանակցությունների ժամանակ մենք ձգտում ենք գտնել փոխադարձ շահեր։ Մենք այդ ֆիրմայի հետ քննարկել ենք գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության հնարավորությունը։ Մենք խնդիր ենք դրել ու պետք է առաջիկա երկու շաբաթներին քայլեր ձեռնարկենք, տեսնենք, թե դրանից ինչ կստացվի։ Մենք կհանդիպենք նաեւ «Արաքս» ֆիրմայի ներկայացուցիչների հետ, որը զբաղվում է թռչնամսի վերամշակումով, հետո մենք հանդիպում կունենաք Առեւտրաարդյունաբերական պալատում»,- հավելել է նա։
Այն հարցին, արդյոք նա Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու ու զարգացնելու համար հեռանկարներ է տեսնում ՝ Վիտոլդ Կարչեւսկին պատասխանել է «Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Ես դեռ պատկերացում չունեմ երկրի ամբողջ շուկայի մասին։ Բայց երբ մարդը 4-5 ժամ ավտոբուսով տեղ է գնում, նա տեսնում է, թե այնտեղ ինչ տեխնիկա է, ինչ է պետք ։ Ու այդ տեսակետից ես տեսնում եմ, որ այս շուկա կարելի է նոր տեխնոլոգիաներ բերել»։
«Կոնտրակտուս» ընկերությունը, ըստ լեհ գործարարի, աշխատում է աշխարհի շատ երկրներում՝ թե նախկին ԽՍՀՄ տարածքում, թե Աֆրիկայում ու Ասիայում։




























