Սոցապնախարարի արդեն նախկին տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի եւ նախարարության մյուս աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը վերաբացելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը դատախազը բողոքարկել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որի բողոքի հիման վրա էր դատարանը վերաբացել էր կարճված քրգործը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին իշխանություններին՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ տնօրեն Գայանե Մարգարյանն էլ չարաշահումներ է թույլ տվել: Դեռ այդ ժամանակ Բերիկյանը հանդիպել էր դպրոցի սաների, ծնողների ու կոլեկտիվի հետ եւ փորձել պարզել, թե ովքեր են նամակի հեղինակները:
Հետաքրքիր է, որ գործ հարուցվեց միայն չարաշահումների փաստի առթիվ: Այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը: Մինչդեռ փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակում է պնդել, որ չարաշահումները չէին կարող լինել առանց Ֆիլարետ Բերիկյանի իմացության: Երկարատեւ պայքարից հետո Բերիկյանի մասով քրգործ հարուցվեց, որը հետագայում, սակայն, կարճվել էր:
Դեռեւս պարզ չէ՝ վերաբացված քրեական գործով վերջապես Բերիկյանին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ:




























