16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանը կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության կենթարկվի: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Վոլոդյայի Գասպարյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Հակոբի Ղազարյանին: Փորձաքննությունը պարզելու է՝ արդյոք հանցագործությունը կատարելու պահին Սուրեն Մուրադյանը եղել է աֆեկտի վիճակում:
Նշենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Մուրադյանին ենթարկել դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության: Փորձաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք Սուրեն Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի, կամ այնպիսի վիճակում, որը կազդեր այնքան, որ չգիտակցեր, թե ինչ է անում:
NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Մուրադյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշել էր, որ համաձայն չէ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության արդյունքների հետ, ըստ որոնց իր պաշտպանյալը սպանությունը կատարելու պահին աֆեկտի վիճակում չի եղել: Նա պահանջել էր կրկնակի փորձաքննություն անցկացնել:
Սուրեն Մուրադյանի պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը տառապում է վարքի եւ հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության:
Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:




























