35-ամյա Լուսինեն 18 տարեկան էր, երբ ծնողների ցանկությամբ ամուսնացավ գյուղի ունեւոր տղաներից մեկի հետ: Նա դպրոցը նոր էր ավարտել, երբ ծնողները հայտնեցին, որ մեկ ամսից ամուսնանալու է իրենից 8 տարի մեծ տղայի հետ:
«Մեր գյուղում նորմալ երեւույթ է, մինչեւ հիմա էլ ծնողներն են ամուսնացնում իրենց երեխաներին, շատ քիչ է փոխվել...: Ես էլ դպրոցս նոր էի ավարտել, գյուղից համարյա դուրս չէի եկել, անգամ չգիտեի, թե մյուս քաղաքներում, գյուղերում ինչ է կատարվում: Շատ փակ կյանքով էին մեծացնում ծնողներս ինձ. դասերից բացի միակ զբաղմունքս մամայիս օգնելն էր՝ անասուններ պահելու, դաշտի, տան աշխատանքներ անելու հարցում: Ընտանիքի միակ երեխան էի ու հենց այդ հոգեբանությամբ էլ ինձ մեծացրել էին...»,-պատմում է Լուսինեն:
18-ամյա աղջիկն իր ամուսնանալու մասին ծնողների հայտարարությունը նորմալ է ընդունում, չի էլ փորձում նրանց հակաճառել, քանի որ ապագայի հետ կապված բոլոր պլանները ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, նրանց խնամելու հետ էին կապված, այդ հոգեբանությամբ էին մեծացրել նրան. «Ես չէի պատկերացնում ուրիշի հետ ապրելու, նոր ընտանիք տեղափոխվելու դժվարությունները: Մտածում էի՝ բոլոր ընտանիքներում մամայիս ու պապայիս նման են ապրում՝ համերաշխ ու երջանիկ, բայց սխալվեցի...»:
Ամուսնությունից հետո նոր ընտանիք տեղափոխվելուց երկու շաբաթ անց Լուսինեն առաջին անգամ զգում է՝ ինչ բան է ստորացումը. «Երբ առաջին անգամ դեմքիս զգացի նրա ձեռքի ծանր ուժը, իրականությունը միանգամից փոխվեց, ես հենց էդ պահին հասկացա, թե ինչ է ստորացված ու ձայնի իրավունք չունենալը, գիտակցեցի, որ էդպիսինն էլ կամ ու արժանի եմ, որ իմ հետ այդպես վարվեն: Իհարկե, էդ ստորացումները հետագայում համարյա շարունակական բնույթ սկսեցին ունենալ, որն էլ օգնեց ինձ հասկանալ, որ բնույթով ես ուժեղ եմ ու ոչ ոք իրավունք չունի իմ հետ էդպես վարվել: Զգում էի, որ էդ մեծ պատնեշը, որի մեջ ծնողներս ինձ «գցեցին», պետք է ճանկռելով էլ բարձրանամ, հնարավորինս հեռու փախչեմ... Մի օր ուժ գտա, մորս պատմեցի հետս տեղի ունեցողը: Մամաս լացեց, առանց բան ասելու գնաց... »:
Մի քանի օրից Լուսինեն ծնողների օգնությամբ հեռանում է «նոր ընտանիքից», ավելի ուշ՝ ամուսնալուծվում: 18-ամյա աղջիկն իր հետ կատարվածն այժմ համարում է «կյանքի դաս». հենց այդ դեպքից հետո է, որ նա սկսում է մտածել սովորելու, աշխատանք գտնելու մասին, որին դեմ չեն լինում նրա ծնողները. մեկ տարի անց նա Երեւան է գալիս, վարսահարդարման դասերի գնում, ավելի ուշ սկսում աշխատել:
«Համարյա 10 տարի է ինչ Երեւանում եմ ապրում: Էդ դժվարություններն ինձ ստիպեցին, որ մեջս ուժ գտնեմ, պայքարեմ: Շատ եմ փոխվել, էն 6 ամիսը, որ ապրել եմ, ոնց որ անցյալ կյանքում ապրած լինեմ: Չեմ մեղադրում ոչ մեկին՝ ծնողներս ինձ էդ պատմության մեջ գցեցին, իրենք էլ հանեցին ինձ՝ կյանքի շատ մեծ դաս տալով: Էս տարիների ընթացքում մի բան եմ հասկացել՝ կարեւորը անցյալը չէ, կարեւորը ներկան է, իսկ ես հիմա շատ երջանիկ եմ»,-ասում է նա:





























