Հայ հասարակությունը չի նշում Սահմանադրության օրը ոչ թե ծանր սոցիալ-տնտեսական պայմանների, այլ իր մտածելակերպի պատճառով։ Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի հասարակության կյանքում Սահմանադրության դերը դեռ գիտակցված չէ։ «Իմ ընկերներն ինձ զանգահարեցին եւ ասացին՝ շնորհավորում ենք տոնիդ կապակցությամբ՝ չհասկանալով, որ հուլիսի 5-ը ոչ միայն իմ, այլ մեր բոլորի տոնն է»,-ասաց փորձագետը։

Այվազյանը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն կես տարուց ավելի է ապրում է պետական կառավարման նոր ձեւով եւ ինչպես ժողովուրդը, հասարակությունը, այնպես էլ իշխանությունը նոր առաջընթացի հույսերը կապում են վերջերս Սահմանադրությունում սահմանված փոփոխությունների հետ։

 «Առհասարակ սահմանադրությունները կատարյալին առավելագույնս մոտ մոդելներ են առաջարկում, իսկ հանրությունն ու իշխանությունները նպատակներին հասնելու համար պետք է ընդամենը միավորեն ջանքերը»,-նշեց Վարդան Այվազյանը։

Նա հավելեց, որ եթե հայ հասարակության ու իշխանության կողմից այդ առումով ջանքեր չգործադրվեն, ապա ոչ մի արդյունքի մասին չարժե խոսել։