Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինն ավելի քան 90 տոկոս է։ Այս մասին հայտարարեց ՌԴ-ում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը՝ «Հայաստանի հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ 2016 թվականին, երբ մյուս երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն անկում ապրեց, Հայաստանի հետ այն ավելացավ ավելի քան 5 տոկոսով։ Ասոյանը նշեց, որ դա հնարավոր դարձավ նաեւ ռուսական կողմի ընձեռած արտոնությունների շնորհիվ։

Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին. Ասոյանն ընդգծեց հարգադրոշմները փոխադարձաբար ընդունելու հարցը (ոսկերչական գործում) եւ առաջարկեց խնդրի լուծումը սկսել երկկողմանի մակարդակով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։