Լոռու մարզի աղետի գոտում նոր բնակարաններ կստանան 258 ընտանիքներ, իսկ Սպիտակի Վարպետաց եւ Գյումրիի Մուշ-2 ու Անի թաղամասերի բնակիչները կսկսեն օգտվել հաղորդակցության նոր համակարգերից:
Կառավարությունը հուլիսի 6-ի հերթական նիստում հավանության արժանացրեց Լոռիի մարզում անշարժ գույքի ամրագրման, ինչպես նաեւ Գյումրի եւ Սպիտակ քաղաքներին անշարժ գույքի փոխանցման մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: «Շենքերն արդեն կառուցված էին, պարզապես շինարար ընկերությունը սնանկացավ, դատական վարույթներ սկսվեցին, եւ անհնար էր բնակարանները հասցեատերերին տրամադրել»,- նշեց Սարգսյանը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է հասցեատերերին (ծրագրի մասնակիցներին եւ համայնքներին) անշարժ գույքը հանձնելու անհրաժեշտությամբ, որը կառուցվել է պետական աջակցությամբ իրականացված բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակում, որի նպատակն էր 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը:
Նախագծի նպատակն է 258 ընտանիքների նկատմամբ պետական գործառնությունների կատարումը, ինչպես նաեւ Սպիտակի Վարպետաց եւ Գյումրիի Մուշ-2 ու Անի թաղամասերի նորմալ շահագործման ապահովումը:





























