Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը ցականում է գրեթե 30 գյուղերում «Թումո» տեխնոլոգիական խմբակներ ստեղծել: Այս մասին հուլիսի 6-ին` ԱԺ-ում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը`ելույթ ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:

Նրա խոսքով` գերատեսչությունն անհրաժեշտ ֆինանսավորումը կփորձի հայթայթել դոնորներից: «Շատ կարեւոր է, որ տեխնոլոգիական կրթությունը հասանելի լինի որքան հնարավոր է մեծ թվով աշակերտների, ըստ որում` ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ շրջաններում»,- հավելեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ կրեատիվ տեխնոլոգիաների առաջին «Թումո» կենտրոնը բացվել է ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանի աջակցությամբ: Այնուհետեւ նման կենտրոններ բացվեցին նաեւ Գյումրիում, Դիլիջանում եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: