Ամերիկացի գիտնականները պարզել են, թե վեճից հետո հաշտվելու որ ձեւերն են նախընտրում կանայք ու տղամարդիկ, հայտնում է «Մոյա պլանետան»։
Հետազոտությունը երկու փուլով է իրականացվել։ Նախ մասնակիցներին խնդրել են լրացնել հարցաթերթիկները, որոնք պարունակում էին տղամարդկանց ու կանանց համար հաշտվելու տարբերակներ։ Հետո այդ պատասխանները համակարգվել են հաշտվելու 21 հնարավոր կատեգորիաների մեջ, որից հետո այդ տարբերակները տամադրել են հետազոտության առաջին մասի մասնակիցներին, որպեսզի պարզեն, թե որ մեթոդներն են նրանց համար նախընտրելի։
Պարզվել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, հակված են ներել զուգընկերուհուն, որը հանուն հաշտեցման պատրաստ է հաճելի ժեստերի, բայց ավելի շատ նախընտրում են վեճերից հետո հաշտվել սեքսի միջոցով։ Հոգեբանները նշում են, որ վեճից հետո սեքսը տղամարդկանց համար նշանակում է, որ իրենց զուգընկերուհին պատրաստ չէ խզել հարաբերությունները։
Իսկ կանայք նախընտրում են տղամարդկանց ուշադրությունն ու նրանց արցունքները։ Կանանց կարծիքով ամենաանկեղծ ներողությունն այն կլինի, եթե տղամարդն անկեղծորեն ցույց տա, որ զղջում է ու նույնիսկ արտասվի։ Տղամարդկանց արցունքները նման դեպքերում կանայք ընկալում են որպես առնականության ու հուսալիության վկայություն։




























