Հայաստանում գնաճի ցուցանիշն առաջին 5 տարիների ընթացքում չի բարձրանա: Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում 2016 թվականի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրանյանը հարցրեց. «Կառավարության նոր ծրագրում առաջիկա 5 տարիներին նվազագույն աշխատավարձ է սահմանվել ընդամենը 69 հազար դրամ: Ձեր կանխատեսմամբմ՝ ի՞նչ գնաճ կունենանք, եւ արդյո՞ք նվազագույն աշխատավարձն ու գնաճը 5 տարի անց չեն չեզոքացնի միմյանց: Արդյո՞ք քաղաքացին նույն իրավիճակում չի հայտնվի, ինչ այսօր»:

Ի պատասխան՝ Արթուր Ջավադյանը նշեց. «Չեմ կարծում, որ գնաճի ցուցանիշը մեզ մոտ կբարձրանա, քանի որ վերջին 15 տարիներին միջին գնաճը եղել է 3%-ի սահմաններում, իսկ վերջին 10 տարիներին՝ շուրջ 3.3%-ի»:

ԿԲ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին եկամուտների քվազի-աճ է գրանցվել, բարձրացել է նաեւ միջին աշխատավարձը, քանի որ գնաճի գործոնը հակառակ ուղղությամբ է ազդել: «Վերջին 2 գնաճային տարիներին մենք փաստացի չենք բարձրացրել աշխատավարձերը, բայց հասարակության եկամուտներն աճել են»,- հավելեց Արթուր Ջավադյանը: