Հայաստանում վերջին մի քանի տարիներին սոցիալական ցանցերի պատճառով ամուսնալուծությունների կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան, գրող, հրապարակախոս Հայկազ Մակարյանը` հավելելով, որ այդ տվյալներն իրեն փոխանցել են «Հայկական սոցիոլոգների ասոցիացիայից»:
«Ամուսնալուծություններից 33,03 տոկոսը Facebook-ի, 20 տոկոսը Twitter-ի , 10 տոկոսը Одноклассники-ի պատճառով է։ Սա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում է արձանագրվում»,- ասաց իրավաբանը՝ անդրադառնալով նաեւ ամուսնալուծությունների մնացած պատճառներին։
Նրա խոսքով, ամուսնալուծություններին նպաստող գործոններն են ամուսնու դավաճանությունը (28,02 %), բնավորությունների անհամատեղելիություն (19,05 %), կնոջ նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը (15,1%): «Միայն 2015-2016 թվականներին ՀՀ-ում 2000 կին ամուսնու կողմից բռնության է ենթարկվել»,-ասաց նա:
Բանախոսը ուշադրություն հրավիրեց սոցիալական պայմանների պատճառով ընտանիքների կործանման խնդրին, մասնավորապես երբ ծնողները երեխային մուրացկանության են դրդում, եւ երբ ընտանիքի հայրը մեկնում է արտագնա աշխատանքի։ «Ես դիմում եմ Սոցիալական հարցերի նախարարությանը, որ տեղում կաղում է, բազմաթիվ ծրագրեր են ֆինանսավորում, այդ ֆինանսական հոսքերը թող ուղղեն այսպիսի, հատկապես մարզային խոցելի խմբերի վրա»,- ասաց Մակարյանը եւ հավելեց․ «Սոցիալական ծայրահեղ սուղ վիճակից մեկնում են արտերկիր՝ խոպան ասվածը, շատ դեպքերում ընտանիքի հետ կապ չի լինում, եթե սերն ու ջերմությունը չեղավ, ֆինանսականն էլ իր հերթին ամեն ինչ կանի»։
Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ անդրադարձավ ամուսնալուծությունների հոգեբանական կողմին։ «Կա թիմային հոգեբանության բացակայություն, ցածր ինքնագիտակցություն, դերերի սխալ բաշխում, կանայք իրենց վրա են վերցնում ուժեղ լինելու դերը, անհանդուժողականություն, երբ բոլորը կարծում են՝ կարող են միայն իրենց եսը առաջ տանել: Եթե մարդը որոշել է կազմել ընտանիք, այն գիտակցությունը չկա, որ ինքը պետք է որոշակի սահմանափակումներ ունենա»,- ասաց հոգեբանը եւ կարեւորեց նորաստեղծ ընտանիքների ինքնուրույնությունը եւ անկախությունն ավագ սերնդից։
«էլի թող օգնեն, ավագ սերունդը պարտադիր չի նրանցից կտրվի, բայց մի բան է թելադրել, թե ոնց պետք է շարժվեն, մի բան է աջակցել, առաջ մղել։ Հայ իրականության մեջ, ցավոք, այդ կարծրատիպը չի կոտրվել»,- ասաց Մեհրաբյանը։





























