Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հալթմաագին Բաթուլագան: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում շաբաթ Գլխավոր ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները:

Նրա օգտին են քվեարկել 610 541 ընտրողներ, եւ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ստացել է ձայների 50,6 տոկոսը: Նրա ընդդիմադիրը՝ Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանի խոսնակ Միեգոմբին Էնհբոլդը ստացել է 496 840 մարդու աջակցությունը՝ հավաքելով ձայների 41,2 տոկոսը: 

Վերջնական արդյունքերը կհայտարարվեն մնացյալ ձայների հաշվարկից հետո, սակայն Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներն արդեն փողոց են դուրս եկել եւ տոնում են հաղթանակը:

Երկրի ժամանակակից պատմության ընթացում առաջին անգամ է ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունեցել, քանի որ առաջին փուլում ոչ ոք նախկինում չէր ստացել ընտրողների ավելի քան  50 տոկոսի աջակցությունը: