Հայաստանի ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը փորձել է սրբագրել իր գործընկերոջ՝ ԱԺ փոխնախագահ Միաքայել Մելքումյանի հայտարարությունը, ըստ որի ինքը խնդիր չի տեսնում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։

Էնֆիաջյանն այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  Միքայել Մելքումյանի խոսքերը որոշակիորեն աղավաղվել են։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել իրադարձությունների զարգացմանը եւ ճիշտ ժամանակին կարծիք հայտնել։ «Ներկա դրությամբ տվյալ հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում համար մեկ հարցը չէ։ Երբ ժամանակը գա եւ անհրաժեշտ լինի, որ «Ծառուկյան» դաշինքը կարծիք հայտնի, մեր կողմից ամեն ինչ կարվի»,-նշել է Էնֆիաջյանը։

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է «Ծառուկյան» դաշինքը կողմ լինել, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պատգամավորն ասաց. «Կրկնում եմ, ամեն ինչ իր ժամանակին։ Տվյալ պահի դրությամբ՝ Հայաստանի քաղաքական կյանքում նման գործընթացներ տեղի չեն ունենում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե ոչ մի խնդիր չի տեսնում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Նշենք, որ NEWS.am-ի տրամադրության տակ կա զրույցի ձայնագրությունը: