Հայ գյուղացիներին ոչ մեկը չի խոչընդոտում Ռուսաստանում ծիրան վաճառել: Այս մասին հուլիսի 10-ին` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով` մի խոշոր գնորդ, հատկապես «Սպայկան», մյուսների ճանապարհը չի փակել: Նրանց մոտ վաճառքն իսկապես ավելի հեշտ է ստացվում, քան շատերի մոտ, սակայն զուտ գործնական պատճառներով. նրանք գնորդների հետ մեկ տարի առաջ են պայմանավորվում, թե որքան եւ ինչ գնով կմատակարարեն: «Բնականաբար, կանխատեսելի գործընկերոջ հետ աշխատելն ավելի հեշտ է: Եթե մյուսները եւս այսպես աշխատեն, նրանց եւս ավելի հաճույքով կձգտեն»,- պարզաբանեց նախարարը: Այդուհանդերձ, նախարարությունը գյուղացիներին օգնել է գնորդներ որոնելու հարցում, որ ապրանքը Ռուսաստանի կես ճանապարհին չմնա: Մրգեղենը բաշխել են Ռոստովի եւ Կրասնոդարի շուկաների վրա:





























