Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կիբերանվտանգության աշխատանքային խումբ կստեղծվի։ Սակայն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները միմյանց ոչինչ չեն խոստացել՝ այդ ուղղությամբ միայն համատեղ աշխատանքի պատրաստակամություն է արձանագրվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, թե փաստը, որ ինքը եւ Պուտինը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին) քննարկել են կիբերանվտանգության խմբի ձեւավորումը, «չի նշանակում, թե ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ»։ 

«Նման խմբի ստեղծման մասին իսկապես խոսվել է։ Արդյո՞ք այն կստեղծվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Բայց նախագահները խոսել են հնարավորության մասին։ Առավել եւս, դուք գիտեք, որ նախագահը Թրամփին հավաստացրել է, որ ԱՄՆ նախընտրական քարոզարշավին ռուսական պաշտոնական հաստատությունների միջամտության վերաբերյալ ցանկացած պնդումներ մտացածին են ու իրականությանը չեն համապատասխանում։ Այդ ենթատեքստում խոսվել է այն մասին, որ կիբերահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցը փոխգործակցությունն է»,- ասել է Պեսկովը։ 

Պեսկովը հստակեցրել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են աշխատել կիբերռանվտանգության հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ։

«Նրանք միմյանց ոչինչ չեն խոստացել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն է արձանագրվել»,- հավելել է նա։