Հայաստանում ցուրտ ձմռան եւ գարնան ուշ գալու պատճառով ավելի քիչ պտուղ-բանջարեղեն է աճեցվել: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսութան նախարար Իգնատի Առաքելյանը` ներկայացնելով 2017 թվական հունվար-մայիսի վիճակագրությունը:

Գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր կրճատումը կազմել է 16,8 տոկոս, այդ թվում բուսաբուծության ոլորտում` 16,8 տոկոս: Գնային արտահայտությամբ կրճատումն առաջացել է նաեւ այն պատճառով, որ ուշ ցանքսի հետեւանքով վաղահաս բանաջարեղենն ուշ է հասունացել: Դրանց դուրսբերումը շուկա (այդ թվում` արտահանումը) ուշացել է, իսկ գինն ընկել: «Մյուս կողմից` անասնաբուծության արտադրանքի ծավալն աճել է 1,3 տոկոսով: Անդրադարձել է նաեւ Համաշխարհային բանկի արոտավայրերի ոռոգման համակարգի ծրագրի էֆեկտը: 2017 թվականի ընթացքում նախարարությունն ակնկալում է գյուղատնտեսության ընդամենը 3,6 տոկոսի աճ»,- նշեց Առաքելյանը: