Էստոնիայի մայրաքաղաքում հայտնվել է առաջին տաքսին, որի ուղեւորության համար կարելի է վճարել վիրտուալ փողով։ Ավտոմեքենայի սալոնում այդ մասին տեղեկացնում է աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթներից մեկի՝ բիթքոյնի անվանումով պիտակը։
«Էստոնիայի Սպուտնիկ»-ին տաքսի ծառայության վարորդ ու սեփականատեր Վսեվոլոդ Յուրգենսոնը, հայտնել է, որ նորարարությունը կապակցված է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության սկզբի հետ։ Յուրգենսոնը պատմել է, որ Տալլինում սպասում են հյուրերի աշխարհի տարբեր անկյուններից, ու ինքը մտադիր է աջակցել Էստոնիայի՝ որպես ՏՏ ոլորտում ամենաառաջադեմ երկրներից մեկի հեղինակությանը։
Նրա խոսքով ինքը էլեկտրոնային դամապանակ է բացել ու փորձել է գրանցել առաջին գործարքները բիթքոյներով, իսկ տաքսու ուղեվարձը կրիպտոարժույթով սահմանելու մտահղացումն ինքնըստինքյան է առաջացել։ Վճարման նոր ձեւի հետ մեկտեղ գործում են կանխիկով, բանկային քարտերով, վաուչերներով ու ֆիրմայի հետ պայմանագրով վճարումներ։
Տաքսու վարորդը պատմել է, որ հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում ուղևորների կողմից արդեն մեծ հետաքրքրություն է նկատվել բիթքոյներով վճարելու հնարավորության հանդեպ։
Բիթքոյն վիրտուալ արժույթը, որը կարող է գործածվել ֆինանսական գործողությունների, այդ թվում համացանցում ապրանքներ կամ ծառայություններ գնելու համար, հայտնվել է 2009-ին։ Բացի դրանից կա բիթքոյները ավանդական արժույթների հետ փոխանակելու հնարավորությունը։ Անցած տարի շատ արևմտյան բանկեր հայտնել են, որ սկսում են աշխատել վիրտուալ արժույթով։




























