Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչը պնդում է, որ մեքենայի գույքահարկը մուծել է, սակայն, քաղաքապետարանը մեքենան վաճառելու համար զրոյական տեղեկանք իրեն չի տրամադրում: NEWS.am-ի հետ զրույցում Սարգիս Մաթոսյանը նշեց, որ անձամբ հանդիպել է քաղաքապետ Գագիկ Սահակյանին, նրա աշխատասենյակում ցույց է տվել վճարված գույքահարկի անդորրագիրը, սակայն, քաղաքապետն իրենից պահանջել է նաեւ վճարել աղբի եւ հողի հարկը:
«Գնացել եմ բանկ, մուծել եմ գույքահարկը, չեկը մոտս է: Գնացել եմ քաղաքապետարան, որ իմ զրոյական տեղեկանքը տան, չեն տալիս: Քաղաքապետն ասում ա՝ գնա աղբի փողը, հողի հարկի գումարը մուծի: Անդորրագիրը ցույց տվեցի քաղաքապետին, ասացի՝ մուծումն արել եմ, ինձ զրոյական տեղեկանք տվեք: Քաղաքապետի հետ «Դուք»-ով եմ խոսում, ինքն ինձ «դու»-ով է դիմում, «արա» է ասում, որ վերջում էլ՝ «դավայ ստեղից» է ասում: Ասում եմ, եթե ես դրանք չեմ մուծել, բարի եղեք օրենքով սահմանված կարգով գանձեք դրանք ինձանից, այնպես չէ, որ էդ առումով անբարեխիղճ բաժանորդ եմ: Ասում եմ՝ հիմա ինչի՞ ես ստիպում, որ մուծեմ, հիմա չեմ մուծի, մի ամիս հետո կմուծեմ»,-ասաց նա:
Սարգիս Մաթոսյանը նաեւ նշեց, որ դիմում է գրել եւ քաղաքապետին, եւ Լոռու մարզի մարզպետարան՝ պահանջելով բացատրություն, թե ինչու իրեն զրոյական տեղեկանք չեն տրամադրում:
Մեզ հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն էլ պնդեց, որ Սարգիս Մաթոսյանն իրեն անդորրագիր ցույց չի տվել եւ նրա հայտարարությունը, թե ինքը տեսել է անդորրագիրը եւ զրոյական տեղեկանք չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը:
«4 մեքենա ունի, գնացել է մեր գույքահարկի բաժին, որոնցից մեկի գույքահարկն է մուծել: Աշխատակիցը հարցրել է՝ ում անունով է գրանցված տունը, որպեսզի հողի հարկը, աղբի գումարը մուծի, ինքն էլ վիրավորվել է, թե ինչի՞ եք ինձ տենց բան հարցնում: Եթե ինքը որեւէ փաստ ունի, որ մենք՝ անդորրագիրը տեսնելուց հետո իրեն չենք տրամադրել տեղեկանք, թող ներկայացնի, իսկ եթե ոչ՝ թող գրավոր դիմում ներկայացնի, որ տրամադրենք զրոյական տեղեկանքը, ես չեկն էլ չեմ տեսել: Առանց անդորրագրի ես ո՞նց իմանամ, որ մեքենայի գույքահարկը վճարել է»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ Սարգիս Մաթոսյանը NEWS.am-ին է ուղարկել իր վճարած գույքահարկի անդորրագիրը:






























