Կոլումբիայում արաբիկա տեսակի սուրճի արտադրանքի ծավալները այս արվա հունիսին նվազել են 9 տոկոսով՝ ի տարբերություն 2016 թվականի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կոլումբիայի սուրճ արտադրողների ֆեդերացիան։ Ի դեպ, Կոլումբիան սուրճի համաշխարհային արտահանողներից է։

Նշվում է, որ հունիսին հավաքել են 1,05 մլն պարկ սուրճ՝ ի տարբերությունը անցյալ տարվա 1,13 միլիոնի։ Սուրճի ծավալի ավանդական «չափանիշ» է համարվում 60 կգ կշռող պարկը։

Նման անկման պատճառը 2016 թվականի հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում սուրճի թփերի ուշ ծաղկելն է։

2017 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Կոլումբիայում շուրջ 6,4 մլն պարկ սուրճ է հավաքվել, ինչը 3 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարի։

Սակայն Կոլումբիայից սուրճի արտահանումը շարունակում է ավելանալ։ Հունիսին երկիրն արտաքին շուկայում վաճառել է 964 հազար պարկ սուրճ, ինչը 3 տոկոսով ավելին է 2016 թվականի ցուցանիշներից։