Սիրիայի Համա նահանգում ականակոծության հետեւանքով ռուս ռազմական խորհրդական է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Համա գավառում գրոհայինների կողմից կառավարական զորքերի անսպասելի ականակոծության հետեւանքով զոհվել է ռուս ռազմական խորհրդական, կապիտան Նիկոլայ Աֆանասովը։ Նա Սիրիայում էր ռուսաստանցի ռազմական խորհրդականների կազմում՝ օգնելով վերապատրաստել սիրիական ցամաքային զորքերի անձնակազմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Աֆանասովը հետմահու պետական պարգեւի է առաջադրվել։

Մայիսի 3-ին էլ հայտնի էր դարձել Սիրիայում ռուս ռազմական խորհրդական Եվգենի Կոնստանտինովի մահվան մասին։ Վերջինը սպանվել է թեժ մարտերի ընթացքում մարտական ընկերոջն օգնել փորձելիս։ Պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում ռուսաստանցի 32 զինծառայող է զոհվել։