«Անելիք բանկը» պատրաստ է գործարարներին վարկավորել նրանց իսկ առաջարկած տոկոսադրույքներով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը (ֆոտոռեպորտաժ):

Առաջին` փորձնական ծրագրով կբաշխվի 1 մլն դոլար` 50-ից 250 հազար դոլար արժողությամբ վարկերով:

Վարկային հայտերը կընդունվեն հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ: Հայտերի ամփոփումը կկայանա սեպտեմբերի 4-ին եւ վարկառուների անունները կհրապարակվեն առցանց, որպեսզի ոչ ոք չկասկածի ընտրության անաչառությանը:

«Սպասում ենք բիզնեսի առաջարկներին` սկսած տարեկան 7,7%-ից: Սա 3-4 տոկոսային կետով ավելի ցածր է, քան միջին շուկայական դոլարային վարկերը», - նշեց Վիրաբյանը: Վարկերը կտրվեն մինչեւ 60 ամիս ժամկետով:

Առաջարկը կգործի ոչ միայն նոր, այլեւ այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման համար: «Բանկերի միջեւ բավականին սրվել է մրցակցությունը: Սրա հետ մեկտեղ` մենք չենք ուզում շուկան փչացնել դեմպինգով: Ուրեմն` թող ոչ միայն առաջարկը, այլեւ պահանջարկը ավելի ակտիվ ազդի տոկոսադրույքի վրա», - հավելեց Վիրաբյանը:

1 միլիոն դոլար սահմանաչափի մեջ չտեղավորված վարկերի համար եւս անհատական մոտեցում կցուցաբերվի. դրանց տոկոսադրույքները կսահմանվեն բանակցային ճանապարհով:

Բանկը չի բացառում, որ ապագայում նման մրցակցային մեխանիզմը կընդլայնի` ավելացնելով վարկերի ծավալներն ու արժույթները (առաջին հերթին` ՀՀ դրամը):

«Մեզ համար ոչ այնքան կարեւոր է տոկոսադրույքի կոնկրետ մեծությունը, որքան դրա մրցութային, շուկայական ձեւավորումը: Կարծում ենք` այն կգրավի նաեւ մեր հաճախորդներին», - հավելեց բանկի Կորպորատիվ պրոդուկտների մշակման բաժնի ղեկավար Հայկ Թումանյանը:  

Նշենք, որ «Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2017-ի  I կիսամյակի արդյունքներով կազմել է 240 մլրդ դրամ, կամ շուրջ 500 մլն դոլար:

Հիշեցնենք, 2016 թ նոյեմբերի 11-ին բանկի կապիտալը համալրեց նոր բաժնետերը` FISTOCO LTD ընկերությունը, որը դարձել է բանկի 59,68% բաժնետոմսերի սեփականատերը (անուղղակի բաժնետեր է դարձել ռուսաստանցի գործարար Վարդան Դիլանյանը):

Լիբանանյան CreditBank S.A.L-ն պահպանել է բաժնետոմսերի 40,32%-ը: