2016 թվականի հունվար-հունիսին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ. Աճը կազմել է շուրջ 30 տոկոս:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր՝ հուլիսի 12-ին, շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ծանոթանալու կառույցի նոր աշխատաոճին: ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախկինում գործող չորս՝ Արարատյան, Միջազգային ճանապարհային փոխադրումների, Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների, Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատները վերակազմակերպվել են եւ նրանց գործառույթները բաշխվել են նորաստեղծ՝ Հյուսիսային, Հարավային, Արեւելյան, Արեւմտյան, Արարատյան մաքսատուն-վարչությունների վրա:
Դա նշանակում է, որ այդ մաքսատների գործառույթներն ամբողջությամբ վերապահվել են նոր ստեղծված կառույցներին: Ըստ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, արդյունքում, չնայած կտրուկ ավելացել է աշխատանքի ծավալը, սակայն գրեթե առանց աշխատակիցների թվի ավելացման, Արարատյան մաքսատուն-վարչությունը կարողանում է ապահովել աշխատանքի բնականոն ռիթմը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցելով բարձրորակ եւ արագ ծառայություն:
«Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, հետեւաբար աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շենքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որտեղ աշխատում են գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնի մասնագետները: Գանձումներին առնչվող բոլոր գործառույթներն այժմ կենտրոնացվել են մեկ հարկի տակ, եւ քաղաքացին այլեւս ստիպված չէ սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում, ըստ անհրաժեշտության, կատարում է գանձումներին առչվող գործառույթները: Ամբողջ գործընթացը տեւում է ընդամենը մի քանի րոպե»,-ընդգծել է Արարատյան մաքսատուն-վարչության ղեկավարը:
Սպասարկման նոր սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով եւ ժամանակակից տեխնիկայով:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արարատյան մաքսատուն-վարչության նոր կարգավիճակի արդյունավետության մասին են խոսում նաեւ ցուցանիշները. «2016 թվականի հունվար-հունիսին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ»:




























