Հայաստանում հուլիսի 14-ից 16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը: Այս մասին հուլիսի 12-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ մրցույթին կմասնակցի 26 մարդ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

«Մենք մեծ թվով կատարողների ենք լսել: Մրցույթին մասնակցելու համար նրանցից ընտրվել է 26 մարդ: Նրանք հոյակապ մասնակիցներ են: Մենք նրանցից սքանչելի կատարումներ ենք սպասում: Հավակնորդները ելույթ կունենան տարիքային տարբեր կարգերում եւ իրենց նախընտրած ոճերում»,- պարզաբանեց Կարեն Զոհրաբյանը` հավելելով, որ մրցույթի ժամանակ կկատարվեն դասական, էստրադային եւ ժողովրդական երգեր:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Ոսկե ձայն» մրցույթն արդեն երկրորդ անգամ է անցկացվում: