Բանակցող կողմերն աբխազական երկաթուղին վերաբացելու փոխադարձ ցանկություն ունեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա, սակայն, խոստովանել է, որ առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի համաձայնության հասնել եւ բացել երկաթուղին: «Այստեղ մենք կողմնակի դիտորդ ենք, բայց տեսնում ենք ե՛ւ վրացական, ե՛ւ ռուսական կողմի շահագրգռվածությունը: Սակայն բանակցություններում բազմաթիվ մանրուքներ են ի հայտ գալիս, որոնց շուրջ համաձայնություն է անհրաժեշտ: Բանակցությունները ժամանակ են պահանջում, սրան պետք է ըմբռնումով մոտենալ: Բայց արդյունք անպայման կլինի»,- վստահեցրեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Պրահայում անցկացված բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են սկսել 2011 թվականի «Առեւտրային միջանցքների մասին» համաձայնագրի իրականացումը: Սակայն ավելի մանրամասն տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում: