Տաջիկստանում երիտասարդ կինն ինքնասպան է եղել, երբ ամուսինը կասկածել է իր անմեղությանը: 18-ամյա Ռաջաբի Միրզոեւան երկու անգամ կուսության թեստ է անցել: Եվ չնայած բժիշկները հաստատել են, որ նա ամուսնական առաջին գիշերը կույս է եղել, նրա ամուսինը` 24-ամյա Զաֆար Պիրովը, չգիտես ինչու, շարունակել է կասկածել:
«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը հայտնում է, որ Պիրովին 5-ից ինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու համար: «Դատախազությունում պահանջել են, որ ես միայն ճշմարտությունն ասեմ: Ես ասել եմ, որ իմ կինը պաշտոնական համաձայնություն է տվել, որ ես երկրորդ անգամ ամուսնանամ: Այն գրության մեջ նա նաեւ խոստովանել է, որ մինչեւ հարսանիքը կույս չի եղել: Եվ երբ ես ասացի, որ իրեն կտանեմ ծնողների տուն, նա քացախաթթու խմեց եւ մահացավ հիվանդանոցում»,- ասել է Զարաֆ Պիրովը:
Սակայն աղջկա մայրը հավաստիացնում է, որ դուստրը կույս է եղել: Նա կարծում է, որ դստերը զրպարտությամբ եւ բռնությամբ ինքնասպանության են հասցրել:
Հարսնացուի կուսության շուրջ վեճն առաջացել է ամուսնական առաջին գիշերը:
Ռաջաբիի ազգականների խոսքով` մինչեւ ամուսնանալը նա բուժզննում է անցել, եւ նրա մոտ 2 տեղեկանք կար` կատարված գենետիկ փորձաքննության եւ առողջական վիճակի մասին: Տաջիկստանում, նոր օրենքների համաձայն, ամուսնությունը գրանցել ցանկացողները պետք է առողջական վիճակի մասին տեղեկանք ներկայացնեն:
Երբ կրկնակի փորձաքննությամբ ապացուցվել է մինչեւ ամուսնությունը Ռաջաբիի կույս լինելը, երիտասարդ զույգի ընտանեկան կյանքի մի մասն են դարձել հանդիմանությունները եւ սպառնալիքները: Հունիսի 22-ին Ռաջաբին որոշել է ինքնասպան լինել: Տեսանյությում, որը համացանցում է տեղադրել Ռաջաբիի եղբայրը, նա ասում է, որ ապրելու ցանկություն այլեւս չունի, եւ պատրաստվում է ինքնասպան լինել: Նույն գիշերը նա քացախաթթու է խմել: Ռաջաբիին հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն կարողացել նրան օգնել. նրանց խոսքով` կնոջ երիկամները դադարել էին գործել:



























