Արցախի Հանրապետությունը փորձում է անել իրենից կախված ամեն բան, որպեսզի անվտանգության մակարդակը հնարավորինս բարձր լինի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Թալիշում բնակվողների համար վտանգավորության խնդրին:
Հարցին, թե որքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար՝ վերադառնալ իրենց բնակավայրերը, նա պատասխանել է. «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումների միջոցով, որ անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»:
Նրա խոսքով, անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ. «Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է, այդպես չէ: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»:




























