Թուրքիայի իշխանությունները միայն խոսքով են ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ օրերս Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Ռավզա Քավաքչի Քանը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել էր Երեւանի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի ցանկության մասին:

Շարմազանովի խոսքով`եթե Թուրքիան դա ցանկանար ոչ թե խոսքով, այլ գործով, ապա կարող էր Հայաստանի շրջափակումը դադարեցնել: Միեւնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հրապարակայնորեն հեռանում են Հայաստանի հետ ստորագրած Ցյուրիխյան համաձայնագրից, որը առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում էր նախատեսում: Համաձայնագրերը ստորագրել են, սակայն չեն իրականացրել: Ավելին` Թուրքիան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային, եւ պահպանում է  Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` հետապնդելով նրանց, ովքեր հրապարակայնորեն ելույթ են ունենում Հայոց ցեղասպանության մասին: Էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք խորհրդարանում ծեծում են ազգային փոքրամասնությունների իրենց պատգամավորներին, ինչպես դա արել են 100 տարի առաջ, հավելեց ԱԺ փոխխոսնակը:

«Ժամանակին Ահմեթ Դավութօղլուն, այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, հայտարարել է հարեւանների հետ զրո խնդիր ունենալու երկրի ցանկության մասին: Հակառակը ստացվեց` Թուրքիան զրո հարեւաններ ունեցավ, որոնց հետ խնդիրներ չունի: Վերեւում նշված եւ ահաբեկչությանն աջակցելու պատճառներով»,- նշեց նա:

Նրա տեսանկյամբ` Հայաստանի մասին վերջին արտահայտությունը ավելի շուտ Արեւմուտքում իմիջը բարձրացնելու փորձ է, ԵՄ հետ Թուրքիայի հարաբերություններն արդեն այն չեն, քան 10 տարի առաջ: Վերջին տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են եւս 2 եվրոպական երկրներ` Գերմանիան եւ Չեխիան: ԵՄ տարբեր կառույցներ մի քանի հայտարարություններ են կատարել Թուրքիայի ղեկավարության քաղաքականության դեմ: «Այս պատճառով նրանք ցանկանում են ձեւական ֆոն ստեղծել, թե Թուրքիան հակամարտություններ չի ցանկանում: Սակայն այս փորձը չի հաջողվում իմ ներկայացրած պատճառներով եւ նաեւ այն պատճառով, որ միջազգային հանրությունը դրանց հրաշալի տեղյակ է»,- հայտարարեց Շարմազանովը: