«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը շարունակում է իր բողոքի ձայնը հնչեցնել Սեւանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողումների դեմ, գրում է «ԷկոԼուրը»: նախաձեռնության անդամները Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Փրկենք Սեւանը, քանի դեռ հնարավոր է» կարգախոսով թռուցիկներ տարածեցին, որում, մասնավորապես, նշված է. «Պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում... Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը՝ 170 մլն խմ, լրիվ բավարար է…գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-երը ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար...գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրի կարիքը չունեն... «S.O.S. Սեւան»-ը կոչ է անում մասնակցել բոլոր միջոցառումներին՝ ուղղված Սեւանա լճի փրկությանը»:
«Սեւանի փրկության հարցը մեզ համար օրակարգային է, Սեւանի գլխին վտանգը կախված է անընդհատ, եւ այս որոշումն ապացուցեց, որ Սեւանի հետ կապված մենք դեռ շատ անելիքներ ունենք, - ասում է «Մարտունի ԻնֆոՏան» համակարգող Լիանա Հովհաննիսյանն ու հավելում. «Սեւանը մեր ամենամեծ հարստությունն է, եւ բնակիչերը, ովքեր առաջինը պետք է օգուտ ստանային Սեւանից, առաջին վնաս կրողն են: Քանի դեռ Սեւանի մակարդակի իջեցման հարցը կա, «S.O.S. Սեւան»-ը հնչելու է»:
Գեղարքունիքի մարզից նախաձեռնության անդամները նշում են, որ հենց իրենց տարածաշրջանում ոռոգման հարցը շատ սուր է դրված: Հողերը մշակել են, բանջարեղենը՝ ցանել, իսկ ոռոգման ջուր այդպես էլ չեն ստացել: Պատճառը չաշխատող պոմպակայաններն են, որի համար բնակիչները մեղադրում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներքո գործող Ջրօգտագործողների ընկերություններին, որոնք ժամանակին չեն վերանորոգել եւ պատրաստել պոմպակայանները` բնակիչներին ոռոգման ջրով ապահովելու համար:
«Այսօր գյուղացին փաստի առաջ է կանգնած: Հուլիսն է, իսկ պոմպակայանները դեռ չեն աշխատում, ոռոգման ջուր չի հասնում բնակչի կարտոֆիլին, այսպիսի դաժան երաշտ մեր բնությունը դեռ չէր տեսել: Գեղհովիտը, Ներքին Գետաշենը, Աստղաձորը, Մարտունին...բնակիչներն ընդվզել են: Սա իրենց ամենածայրահեղ քայլն է, երբ դուրս են գալիս փողոց: Իսկ ի՞նչ են անում ՋՕԸ-երը, գյուղատնտեսության նախարարությունը…այսօր գյուղացին մնացել է անպաշտպան եւ անօգնական իր չորացած այգու դիմաց», - բարձրաձայնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը:
«ԷկոԼուր»-ն այցելել է Ներքին Գետաշեն եւ Աստղաձոր համայնքներ, որտեղ բնակիչներն ի ցույց բողոքի փակել էին ճանապարհը, նկարահանել չորացած այգիները, լսել տեղացիների բողոքները: Մանրամասները «ԷկոԼուր»-ի հաջորդ հրապարակումներում:




























