Եղբորը կալանքից ազատ արձակելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենք հափշտակելու, նրան պատանդ վերցնելու ու պահելու մեջ մեղադրվող երիտասարդը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, Սեւակ Իսպիրյանը՝ ունենալով հրազեն հափշտակելու եւ այն հետագայում տնօրինելու դիտավորություն, 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, դանակով եւ փայտով զինված հարձակում է գործել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երեւան ջրագծի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղակայված պահակետում իր ծառայողական պարտականությունները կատարող բաժանմունքի ոստիկան Վարդան Գեւորգյանի նկատմամբ եւ, նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած ծալովի դանակը սեղմելով նրա որովայնին, պահանջել է վերջինի ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը:
Սեւակ Իսպիրյանը տուժողին պատանդ վերցնելու նպատակով իր կողմից հափշտակված հրազենի գործադրմամբ այն ուղղելով նրա վրա, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած պարանով կապել է տուժողի ձեռքերը, նրան տեղափոխել է պահակակետ եւ պառկեցրել հատակին եւ այդ կերպ պատանդ է վերցրել ու որպես պատանդ պահել, եւ նրան ազատելու համար օգնության հասած ոստիկանի միջոցով պայման է ներկայացրել ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությանը՝ կալանքից ազատել եւ իր մոտ բերել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրյալ, կալանավոր, իր եղբայր Սամվել Իսպիրյանին: Բանակցությունների ընթացքում Սեւակ Իսպիրյանը, տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է եւ նույն ժամանակ, տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ իրեն շրջապատել են եւ հետագայում մնալով այդտեղ իրեն կվնասազերծեն, տուժողին թողնելով պահակետում, դիմել է փախուստի: Ժամեր անց տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հանձնել է իր կողմից հափշտակված ատրճանակը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով պատանդ վերցնելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելը: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները որակված են ճիշտ եւ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:



























