Օրենքի փոփոխություններով բազմաբնակարան շենքերի տարածքներից դուրս կբերվեն զվարճանքի օբյեկտները: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը եւ համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:
«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին:
Սա մեր հստակ դիրքորոշումն է եւ բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաեւ ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























