Փաստաբանների վրա համակարգային հարձակումները լուրջ մարտահրավեր են Փաստաբանների պալատի եւ ընդհանուր առմամբ Հայաստանի փաստաբանական հանրության համար։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկումների ընթացքում, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամը»։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի գործերով դատական նիստերից առաջ իրավապահները պնդում են փաստաբանների անձնական իրերի զննություն իրականացնելու հարցում։ Դա պաշտպանների շրջանում դժգոհության տեղիք է տվել։ Փաստաբանները հայտարարել են, որ դա ոչ թե զննություն, այլ խուզարկություն է, որն ընդունելի չէ իրավաբանի նկատմամբ։




























