Հայաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ պետությունը կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համընդհանուր ճնշման ուղղությամբ։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկումների ընթացքում, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամը»։
Խոսելով մի շարք դատական նիստերից առաջ անձնական իրերի զննության մասին, որոնք փաստաբանները որպես խուզարկություն են բնութագրում, Ալումյանն ասաց, որ այն իրականացվում է բացարձակ կամայականությունների պայմաններում։ «Հայաստանում փաստաբանների ողնաշարը կոտրելու փորձեր են ձեռնարկվում, եւ դա արվում է Փաստաբանների պալատի միջոցով»,-վստահեցրեց նա։




























