Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներկայումս փաստաթղթեր է հավաքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ստացած բարձրագույն կրթության եւ զինվորական ծառայության վերաբերյալ:
«Հնարավոր չէ միեւնույն ժամանակ եւ ստացիոնար սովորել, եւ 2 տարի ծառայել բանակում: Մենք այժմ որոշակի փաստաթղթեր ենք հավաքում դրա վերաբերյալ»,- այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ կարծիքներ կան, որ Աթանեսյանի գրասենյակում ապրիլի 27-ին տեղի ունեցածը կապված է այն բանի հետ, որ Աթանեսյանը բարձրացրել է Արա Զոհրաբյանի դիպլոմի անվավերության հարցը, քանի որ պարզել է, որ «Գլաձոր» համալսարանում սովորելու հինգ տարիների ընթացքում ՓՊ նախագահը հաջողացրել է երկու տարի ծառայել բանակում։ Միջադեպի հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ը հետաքրքրվել էր Արա Զոհրաբյանից սրա վերաբերյալ:
«Ես սովորելու ընթացքում ծառայել եմ բանակում, չեմ հաջողացրել, հպարտությամբ եմ ասում, մարտական դիրքերում էլ եմ մասնակցել: Եթե որեւէ հարց կա Աթանեսյանի մոտ, կարող է դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին: Սիմոն Բաբայանն ի՞նչ կապ ունի, հայհոյախառը գրառումն ի՞նչ կապ ունի: Այ հիմա դուք լրագրողական այլ ուղղություն եք տանում, այլ բան եք ուզում գտնել: Հասկանում եմ, որ քաղաքական դաշտում տեղեկատվության սակավություն կա, եւ լրատվական դաշտը ինֆորմացիայի կարիք կա: Հիմա խնդիրը հետեւյալն է. Ի՞նչ կապ ունի դա Տիգրան Աթանեսյանի կողմից հայհոյախառն մեկնաբանություն գրելու հետ»:




























