ԱՄՆ Թեխաս նահանգում բեռնատարի կցորդի թափքում ոստիկանները 8 զոհված ներգաղթյալի են հայտնաբերել: Եվս 17 մարդու վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է NBC-ն:

Տագնապի անանուն ահազանգը ստացել է Սան Անտոնիո քաղաքի Walmart սուպերմարքեթի հսկիչը:

Թափքում 38 մարդ է եղել, այդ թվում՝ 2 երեխա: Սակայն հնարավոր է, որ մարդիկ ավելի շատ են եղել, հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ ՄակՄանուսը:

Մի քանի ներգաղթյալներ բեռնատարից իջել եւ շրջակա անտառ են փախել: Ոստիկանությունը նրանց որոնում է:

Թրաֆիքինգի գործ է նախապատրաստվում: Բեռնատարի վարորդը հսկողության ներքո է: Մարդկանց հայտնաբերել են սարսափելի ջրազրկված վիճակում:

«Ցավոք, սա նման միակ դեպքը չէ: Բարեբախտաբար, մեզ հաջողվել է նկատել եւ մարդկանց փրկել: Սակայն այսպիսի բան մշտապես է կատարվում»,- հայտարարել է ոստիկանապետը: