Մոսկվայում հուլիսի 23-ին սկսվել է «Հանուն ազատ համացանցի» երթը: Մարդիկ ակցիային մասնակցում են համացանցում գրաքննության չեղարկման, սոցցանցերում վերագրառումների եւ լայքերի քրեական գործերով ֆիգուրանտների վերականգնման պահանջներով:

«Դոժդը» հայտնում է, որ միջոցառմանը հարյուրավոր մարդիկ են մասնակցում: Մարդիկ վանկարկում են՝ «Համացանցը չարգելել, ավելի լավ է Դուման ցրել», «Խոսքի ազատություն ամենուր եւ միշտ», «Արգելում ենք արգելել», «Ռուսաստանն առանց Պուտինի, համացանցն առանց բուժուաների», «Ո՛չ գրաքննությանը», «Համացանցին չես նստացնի, ծրագրավորողն ահաբեկիչ չէ», «Ո՛չ Ռոսկոմնադզորին»:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանը ՊԱՌՆԱՍ կուսակցության հետ համաձայնեցրել էր «Երթ հանուն ազատ համացանցի» ակցիայի անցկացումը: Հայտարարվել էր մինչեւ 10 հազար մասնակիցների մասին: Երթը կանցնի Ստրաստնի, Պետրովի, Ռոժդեստվենսկու եւ Սրետենսկու պուրակներով մինչեւ Ակադեմիկոս Սախարովի պողոտա:

Արդեն ձերբակալվել են երթի մի քանի մասնակիցներ: Ակցիայի առաջին մասնակից Ռուսլան Իվանովին ձերբակալել են, երբ նա փորձել է շրջանակից դուրս գալ քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու աջակցության թռուցիկներ բաժանելով: Երկրորդ մասնակիցը ձերբակալվել է putin lies գրառմամբ պաստառի համար, հայտնում է «ՕՎԴ Ինֆոն»: