ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման եւ 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման նպատակով։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի եւ ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի եւ ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի եւ կրաքարերի 1-ական  եւ բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, եւս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման  իրավունք։ 

Նշենք, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման եւ 42 երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում  հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։