Երեւանի կենտրոնում՝ Խորենացի փողոցում գտնվող մսի շուկան զգալիորեն բարեկարգվել է։ Այս մասին հուլիսի 28-ի ն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ վաճառողներն աստիճանաբար սկսում են վաճառել միայն սպանդանոցային պայմաններում մորթված կենդանիների միսը։ Դա ամենաճիշտ որոշումն է, քանի որ վաղ թե ուշ կենդանիների տնայնագործական մորթը կարգելվի։

Հիշեցնենք, որ մարտին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում։ Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 1-ից։ Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից։

2018 թվականի մարտի 1-ից պահանջն ուժի մեջ կմտի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Վերջապես, 2018 թվականի հունիսի 1-ից եւ հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։